Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի՝ Վարուժան Սուքիասյանի նշանակմանը մենք արագ չարձագանքեցինք, թեպետ այն հաշված օրերի պատմություն ունի: Արագ չարձագանքելը ոչ թե բարի կամքի պակասից էր, այլ ներքին տագնապից, որ անպայմանորեն մի մութ պատմություն ջրի երես դուրս կգա: Ավաղ, մեր կանխազգացողությունը իրական հիմքեր ուներ: Համացանցում արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել տարիներ առաջ Սուքիասյան եղբայրներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեղադրանքը՝ կապված դավաճանական գործարքի հետ: Դրա հաստատ կամ անհաստատ լինելը մենք չենք ուզում քննության առնել, քանի որ նյութին հիմնավորապես ծանոթ չենք, սակայն, անկեղծ ասած, լրջորեն մտահոգում է նոր մարզչի հայտարարությունն այն առնչությամբ, որ պատրաստվում է, ի թիվս այլ որակների, հավաքական հրավիրել ազգասեր տղաների:
Փաստորեն, հայաստանյան իրականությունում լրջորեն առաջ է մղվում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջ քաշած այն վարկածը, որ Ալբանիայի ընտրանու հետ խաղում հավաքականի տղաները խաղը դավաճանաբար ծախել են: Այս կապակցությամբ հավաքականի ինը ֆուտբոլիստներ հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ ու առարկայնորեն սլաքը իրենցից հեռու վանել: Հիմա այդպես էլ անհասկանալի է մնում, թե, մասնավորապես, այդ ինը ֆուտբոլիստներն իրենց ինչպես են պահելու, ինչպես է կայանալու նրանց համագործակցությունը նույն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, նրա նշանակած նոր գլխավոր մարզչի հետ, թեպետ չենք էլ կասկածում, որ մեր այս մտահոգությանն ի պատասխան իսկույն կհետևեն հրապարակումներ «նախ՝ Վարուժան Սուքիասյանը նշանակվել է ոչ թե ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, այլ կոլեգիալ մարմնի կողմից» բացատրություններով:
Նշանակումների կոլեգիալությունը հայաստանյան անձնավորված իրականությունում նույնքան կոլեգիալ է, որքան, զորօրինակ, կույս է երեք ամուսնությունից յոթ զավակի ու քսանութ թոռան տեր Սիրանուշ կամ Վարդանուշ մայրիկը: Այնպես որ, սառույցի վրա գրված ճշմարտությունները թողնենք մի կողմ: Խնդիրը, կարծում եմ, նախ, հավաքականի ներսում հարաբերությունների հստակեցումն է, անվստահության մթնոլորտի չեզոքացումը, ապա և առաջնահերթության կարգով Վարուժան Սուքիասյանի վրայից եղած բծի մաքրումը, եթե այն իրականում չի եղել: Իսկ եթե եղել է, ի՞նչ ասեմ, դուրս է գալիս, որ էդ պատին էդ սվաղը լավ էլ համապատասխանում է: Կարծում եմ՝ հասկացաք, որ, պատ ասելով, նկատի չունեմ մեր ազգային ընտրանին: Այն եղել է, կա ու կլինի մեր սիրո, հավատի կրողը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ